ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Հայերի և նրանց էության մասին

Հայերի և նրանց էության մասին
14.03.2014 | 12:11

Հավասարապես ժխտելի են և՛ ազգային բացառիկության անհիմն ընկալումը, և՛ ազգային ինքնաոչնչացման եղկելի մտայնությունը: Առաջինը հաճախ հորթային հրճվանք է, երկրորդը՝ խոսքի ազատության պիտակով քողարկված, բամբասացությամբ ազգային արժեքները տրորելու, ազգի էությունը կանխամտածված կերպով խեղաթյուրելու քաղաքականության իրագործում:
Այս նոր շարքը լայն հանրությանն անծանոթ փաստերի ժողովածու է (բոլորն ունեն աղբյուրներ, բայց քանի որ լրագրությունը չի ընդունում աղբյուրների նշում, մենք դա կանենք առանձին գրքով հրատարակելիս): Այստեղ ընթերցողը կգտնի թե բացառիկության, թե արատավորության նմուշներ: Մենք առաջնորդվել ենք մեկ սկզբունքով՝ առանց երկնչելու ասել ճշմարտությունը, որը ազգային լիարժեքության վկայություն է: Բացառիկությունն ուղեկցվում է արատներով, և հակառակը, բայց համոզված ենք՝ մեր հնամենի ժողովրդի անկրկնելիության դրսևորումներից մեկն էլ նրա լիարժեքությունն է:

Օձափայտ

Մյուռոնը եփում են գինուց, ձեթից, խնկից և ավելի քան հինգ տասնյակ բույսերից: Դրանցից մեկը օձափայտն է, որի թփերի մոտ բույն են դնում օձերը: Ըստ ավանդության, հնում դա հայթայթելու համար Էջմիածնի միաբաններից ընտրում էին երկու քաջ վարդապետների, որոնք ձիերի ոտքերը փաթաթում էին բրդե քեչաներով ու հեծնում: Նկատելով թփին գալարված օձը, նրանք պարանը հմտորեն նետում էին, բույսը պոկում և տեղնուտեղը ձին քշում՝ օձի հարձակումից խուսափելու համար:

Ստրուկ հայերը

Հայերը սպիտակամորթների մեջ ամենավատ ստրուկներն են, ինչպես նեգրերը (զինջերը) սևամորթների մեջ: Նրանք բարեկազմ են, բայց անճոռնի ոտքեր ունեն, ամոթխածությունը բացակայում է, շատ տարածված է գողությունը, ագահություն չենք նկատել: Նրանց էությունն ու լեզուն կոպիտ են: Եթե հայ ստրուկին գեթ մեկ ժամ առանց աշխատելու թողնես, ապա նրա էությունն անմիջապես կդրդի չարիք գործելու: Նա լավ աշխատում է միայն փայտի հարվածների ու վախի ներքո: Եթե տեսնես, որ ծուլանում է, ապա միայն այն պատճառով, որ դա նրան հաճույք է պատճառում, և ոչ ամենևին թուլության պատճառով: Այդժամ պետք է փայտը վերցնել, մի լավ ծեծ տալ և ստիպել անել այն, ինչ ուզում ես:

Իբն ԲՈՒԹԼԱՆ
քրիստոնյա արաբ բժիշկXI դ. առաջին կես

Լոնդոնի հայկական շուկան

«A Collection of Voyages and Travels. Thomas Osborne. London, 1745, vol. I» գրքի 119-րդ էջում տպագրված է 1730 թ. Լոնդոն այցելած իսպանացի ուղեգիր Don Gonzales-ի վկայությունն առ այն, որ Հայկական շուկան կամ Armenian Walk-ը գտնվում էր արևելքից Smithin’s Street-ի, և հյուսիսից՝ Threadneedle Street-ի միջև, մի կողմում ունենալով հոլանդացի ոսկերիչների, մյուս կողմում՝ պորտուգալացիների շուկաները: Այս Walk-երը գտնվում էին Royale-Exchange-ում: Տպագրված է նաև Armenian Walk-ի հատակագիծը:
1750-ից առաջ հայերն Անգլիայում հիմնականում զբաղվել են թանկագին քարերի և գորգերի առևտրով, որից հետո իրավունք են ստացել վաճառելու նաև հում մետաքս:

Ժան-Ժակ Ռուսո

«Ճյուղայեցոց հայու հագուստը կհագներ, մարդու վայել հագուստ է աս ըսելով, ինչպես որ կհագնեն Պասրա: Ան հագուստով իր պատկերն ալ քաշած տեսանք»:

Ղ. ԻՆՃԻՃԵԱՆ,

1824 թ.

Նուբար փաշա Նուբարյանի պարգևատրումները

1848 թ. Եգիպտոսի կուսակալ Իբրահիմ փաշան պաշտոնական այցով մեկնում է Ֆրանսիա և Անգլիա, իր հետ տանելով նաև 23-ամյա քարտուղար Նուբար Նուբարյանին:

Թյուիլրիի պալատում կազմակերպված ընդունելության ժամանակ Լուի-Ֆիլիպ թագավորը խիստ տպավորվում է Նուբարի լեզվիմացությունից, մտավոր կարողություններից ու պահվածքից:
Ընդունված կարգի համաձայն, ֆրանսիական կառավարությունը որոշում է եգիպտոսյան պատվիրակության անդամներին պարգևատրել շքանշաններով, բացի Նուբարից, քանզի նա շատ երիտասարդ էր. որոշում են թագավորի անունից նրան հանձնել մեկ զույգ ատրճանակ։
Երբ Իբրահիմ փաշան շքախմբով հրաժեշտ է տալիս թագավորին, Լուի-Ֆիլիպը պալատականներից մեկի միջոցով հետ է կանչում հայ երիտասարդին: Ապա կողքին գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի կրծքից հանում է Պատվո լեգեոնի խաչը և ամրացնում Նուբարի լամբակին, ասելով.
-Ձեր վեհապետին հայտնեք, որ ոչ թե ֆրանսիական կառավարությունը, այլ անձամբ թագավորն է այս շքանշանով Ձեզ պարգևատրել։

Սուեզի ջրանցքի կառուցման առթիվ Եգիպտոսի առևտրի նախարար Նուբար փաշան մեկնում է Փարիզ ու բանակցություններ վարում ֆրանսիական կառավարության հետ: Նրա բոլոր առաջարկներն ընդունվում են, սակայն փոխարենն ինքն էլ է ստիպված լինում զիջումներ անելու, որոնցից մեկը Եգիպտոսի կառավարության համար արժենալու էր 60 մլն եգիպտոսյան ֆունտ:
Բանակցությունների ավարտից հետո հրաժեշտ է տալիս Շառլ Օգյուստին՝ Նապոլեոն III-ի խորթ եղբորը: Վերջինս Նուբարին տեղեկացնում է, որ թագավորը նրան պարգևատրել է Պատվո լեգեոնի Կոմանդորի խաչով և իրեն հանձնարարել կատարել պարգևատրման արարողությունը:
Նուբարը բարձրահասակ էր, իսկ Մոռնիի դուքսը հակառակը՝ կարճահասակ: Որպեսզի դուքսը կարողանա շքանշանի ժապավենը կախել Նուբարի պարանոցից, փաշան ստիպված կռանում է և առիթից օգտվելով փսփսում դքսի ականջին.
-Դուքս, վզիս վրա ծանրացող վաթսուն միլիոնը ինձ ստիպում է գլուխս խոնարհել։

Շիրվանզադե. «Կյանքի բովից»
(հատված)

Փարիզից հեռանալու օրը Պռոշյանը, բժիշկ Բաբայանը, Մինաս Չերազն ու ես նստած էինք բոլոր բանաստեղծներից երգված նշանավոր Closerie des Lilas սրճարանում, որ գտնվում է Մոնպառնաս և Սեն-Միշել բուլվարների անկյունում:
-Դե, բարեկամներս,- ասաց Պռոշյանը,- ես գնում եմ լակոտներիս մոտ:
Մենք որոշեցինք ծերունուն ուղեկցել մինչև կայարան: Ես, որովհետև Պռոշյանին ավելի լավ էի ճանաչում, քան մյուսները, ասացի.
-Պռոշ, խուրջին կամ բոխչա չունե՞ս:
-Ձե՞ռ ես գցել ինձ, ի՞նչ է,- վիրավորվեց Պռոշյանը,- լակոտներս ինձ համար մի ճամփարկղ են գնել, որ տեսնես, կհիանաս: Սպասեցեք, գնամ բերեմ, երթանք կայարան:
Նա գնաց հյուրանոց և կես ժամ անցած ետ եկավ: Մի սպասավոր բերում էր մի նոր ճամփարկղ, իսկ ինքը Պռոշյանը… շալակած բերում էր մի մեծ բոխչա…
Բաբայանը բողոքեց.
-Ես չեմ գնա կայարան, ամոթ է, Փարիզ և բոխչա՞:
Մինաս Չերազը որպես քաղաքագետ, իհարկե, ավելի մեղմ արտահայտվեց.
-Պետք է ներեք զիս, տյար Պռոշյան, քիչ մը թույլ կզգամ զինքս, պիտի երթամ անկողին մտնելու:
Վերջապես մի կերպ Պռոշյանին ուղեկցեցինք մինչև կայարան և ճանապարհ դրեցինք:

Հատված ֆելիետոնից

ՆԱՎԹԱՇԽԱՐՀԻ ՆԻՍՅԱ ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԻՆ: Հայոց ազգը ապագայում ձեր ամենի համար կկանգնեցնի մի ընդհանուր մեծ կոթող, ով միլիոնների ժառանգություն ստացող պիժոններ և պարվնյուներ: Դուք միայն շարունակեք խաբել և մոլորեցնել միամիտ հայ լրագրերին ու եկեղեցու բեմից կամ մամուլի միջոցով խոստացեք տասնյակ հազարներ՝ բարեգործական, դպրոցական և այլազանական հիմնարկություններին: Իսկ հետո… Հետո հանգիստ հոգով գնացեք Փարիզ, Նիցցա կամ Ալժիր և այնտեղ ինքներդ խաբվեցեք ռեստորանների տերերից ու կոկետուհիներից:
ԹԻՖԼԻՍԻ ՊԻԺՈՆՆԵՐԻՆ: Երբ ձեզ հյուրանոցներում կամ այլևայլ զվարճատեղերում հաշիվ են ներկայացնում, օ՜, որքան դուք վեհանձն եք, որքան բարեսիրտ, որքան ջենտլմեն: Դուք լակեյի ձեռքից հաշիվն անգամ չեք վերցնում, որպեսզի ստուգեք, դուք տալիս եք հարյուրանոցները և ավելորդը հետ չեք պահանջում. այդքան դուք արիստոկրատ եք: Բայց երբ ձեզ չճանաչող միամիտները դիմում են ձեզ մի բարեգործական նպատակով, այն ժամանակ որքա՞ն հաշվագետ, խնայող ու խելոք եք: Դուք նախևառաջ պահանջում եք ձեզ դիմողի մետրիկական թերթիկը, անձնագիրը, հետո դողալով ձեր գրպանից հանում եք մեկ-երկու ռուբլի, իսկ հետո պահանջում եք դեղատնային ճշգրտության հաշիվ: Ձեր գերեզմանաքարի վրա կգրվի. «Մենք մեր ամբողջ կյանքում եղանք ջենտլմեն լակեյների հանդեպ և լակեյ՝ ջենտլմենների հանդեպ»:
ԵՐԵՎԱՆԻ ԲԱՐԵՍԻՐՏ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻՆ: Դուք, ով աղ ու եղ մեր հայրենիքի, դուք կարող եք լինել միայն ալֆա և օմեգա, կենտրոն մտավոր ու հոգևոր, կենտրոն զգացումների ու ծրագրերի: Դուք քաջ եք և խելոք: Քաջ եք, երբ եղանակը հանդարտ է, խելոք եք, երբ խոսել է հարկավոր: Սակայն մի կոճակի փայլը բավական է, որ ձեր երևակայությունը բորբոքվի, և դուք ով գիտե ինչ-ինչ վտանգներ պատկերացնելով՝ ծակուծուկ մտնեք, ինչպես Ավարայրի դաշտի մոտ ապրող ոչ-ավարայրցիներ: Ձեր կոթողի վրա կգրվի. «Խորհրդավոր դիպլոմատի դեմք ունեինք ամբողջ մեր կյանքում, և մեր խորհուրդը մեզ հետ բերինք գերեզման»:
ՀԱՅ ՏԵՐՏԵՐՆԵՐԻՆ: Ձեզ հետ խոսել չի լինի, այսօր ձեր բենեֆիսն է:

Յորիկ
«Տարազ», 1895 թ.

Հեղինակ` Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2929

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

a>

«Իրատես» թերթի արխիվից

Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ  «խոհարարի» նոր վարկած
Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ «խոհարարի» նոր վարկած

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն
Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն